National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.06.2020
Բյուջետային քննարկումների առանցքում ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների եւ սփյուռքի հարցերի գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականն էր
1 / 10

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ռուբեն Ռուբինյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որոնց առանցքում ՀՀ արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների եւ սփյուռքի հարցերի գծով եկամուտների եւ ծախսերի կատարողականն էր:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հաշվետու տարվա բյուջետային հատկացումների ընդհանուր ցուցանիշները: Նշվել է, որ արտաքին գործերի նախարարության համար նախատեսված 16 մլրդ 648 մլն դրամի դիմաց փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ շուրջ 99 տոկոս կատարողական: Նախարարի խոսքով` ընդհանուր ծախսերում հիմնարար կշիռ ունեն օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայությունների մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հատկացումները, ուր 10 մլրդ 760 մլն դրամի դիմաց արձանագրվել է 99.3 տոկոս կատարողական: Անդամակցության գծով 2 մլրդ 550 մլն դրամ հատկացումն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է արտաքին հարաբերությունների մասով ծախսերին ու արդյունքային ցուցանիշներին` նշելով, որ ՀՀ միջազգային օրակարգի հիմքում եղել եւ մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որն առանձնակի ընդգծվել է ներկա իրողությունների պայմաններում, երբ բոլորը պայքարում են համավարակի նոր մարտահրավերի դեմ:  Ըստ նախարարի` առաջնային խնդիր է անվտանգային համակարգի ապահովումը: Զեկուցողի համոզմամբ` 2019 թ. Հայաստանն իր դիվանագիտական գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն սկզբունքն է եւ երկու մյուս սկզբունքների` համահայկականության եւ փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների եւ շահերի հետապնդումը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հաշվետու տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւարոգույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:  Տարվա ընթացքում հնարավոր է եղել ձեռք բերել երկու պայմանավորվածություն` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու եւ խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Նախարարն արձանագրել է, որ Հայաստանը հստակորեն սահմանել է Ղարաբաղյան  հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով: Նա փաստել է, որ Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել եւ մնում է ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում:

Հայաստանի դիվանագիտական առաջնահերթությունների շարքում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը: Այս համատեքստում նա նշել է, որ մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: «Այս տարի Մարդու իրավունքների խորհրդում մեր երկիրը ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ նոր բանաձեւի նախագիծ, որն ամփոփում է մինչ այդ արված աշխատանքը եւ ուրվագծում հետագա քայլերը»,-ասել է բանախոսը:

Նախարարը մանրամասներ է ներկայացրել մի շարք երկրների հետ ՀՀ-ի ունեցած հարաբերությունների, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ձեւաչափերի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, հյուպատոսական ծառայությունների մատուցման եղանակների, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկի, օտարերկրյա պետությունների միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ծառայությունների մարմինների գործունեության եւ ոլորտային մի շարք ուղղությունների վերաբերյալ:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակել է իրականացվել համեստ բյուջեով»,-փաստել է նախարարը:

Պատգամավորների հարցադրումների վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է պարզաբանումներ. դրանք վերաբերել են արտաքին քաղաքական առաջնահերթություններին, արտաքին գերատեսչության աշխատանքի վերանայմանը, դիվանագետների աշխատավարձերին, ԱԳՆ-ի իրականացրած տեղեկատվական աշխատանքի գործիքակազմի ընդլայնման անհրաժեշտությանը, դեսպանների գործունեության արդյունավետությանը եւ այլ ուղղությունների:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am